Դոնալդ Թրամփը կասեցրել է ավելի վաղ Կանադայի նկատմամբ հայտարարված մաքսատուրքերի կիրառումը մինչև 2025 թվականի մարտի 4-ը։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Կանադայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անհապաղ քայլեր ձեռնարկել անօրինական միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: ԱՄՆ նոր վարչակազմը կգնահատի՝ որքանով այդ քայլերն արդյունավետ կլինեն:
Թրամփը մեկ ամսով հետաձգել է նաև մեքսիկական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի կիրառումը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեքսիկայի ղեկավարությունը համաձայնել է ուժեղացնել հյուսիսային սահմանի անվտանգությունը և այնտեղ Ազգային գվարդիայի 10.000 զինծառայող տեղակայել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար: Սահմանային վերահսկողության միջոցառումների վրա Կանադան կծախսի մոտ 1.3 միլիարդ դոլար: