«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը, որպես նավթային հարուստ երկիր, իր էներգետիկ ռեսուրսներն արտահանելու նպատակով փորձում է ավելացնել իր մատակարարումները դեպի Եվրոպա՝ ԵՄ-ի հետ կնքելով գազային պայմանագրեր, որոնք մրցակցում են ռուսական մատակարարումներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն առաջ են մղում Միջին միջանցքի նախագիծը՝ Չինաստանը Եվրոպային կապող այնպիսի տարանցիկ ուղի, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը։
Պարզ է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, որոնք իր համար կենսական նշանակության գոտիներ են, իրեն դուրս հանելու ձգտումների հետ։ Ուստի, պատահական չէ, որ լարվածությունը օգոստոսին հերթական անգամ սրվեց Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR ընկերության օբյեկտներին ռուսական հարվածների արդյունքում։ Ադրբեջանն այն որակեց որպես «մտադրված հարձակում» իր էներգետիկ անկախության վրա, Բաքվում անգամ հայտարարություններ հնչեցին, թե կարող են չեղյալ հայտարարել Ուկրաինային զենք մատակարարելու էմբարգոն։ Ալիևն էլ քննարկեց տեղի ունեցածը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, որը խոստացավ աջակցություն։ Այս ամենը Մոսկվայում ընկալվեց որպես «Ուկրաինայի կողմից կրակի վրա յուղ լցնել»։
Եվ բնական է, որ եթե հանկարծ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի կամ Ռուսաստանը շունչ քաշելու հնարավորություն ստանա, ապա իր ջանքերն ուղղելու է նաև Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել տարածաշրջանային ուժերի բալանսի խախտումը, որի արդյունքում Հայաստանը պարտություն է կրել և գտնվում է թուրք-ադրբեջանական ճնշումների տակ։
Իսկ թուրքական ազդեցության ներթափանցումը Ռուսաստանը կարող է դադարեցնել միայն ու միայն Հայաստանի միջոցով։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներում վայնասուն էր բարձրացվել շրջանառվող այնպիսի տեղեկությունների հետ կապված, թե իբր Ռուսաստանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Գյումրու ռազմաբազայում։ Թերևս Բաքվում արդեն գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու»։