Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
«Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ):
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233 ներկայացուցիչ)։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է»,-ասված է ԿԸՀ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը։
















