«Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ»,– Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ասել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը։
Լրագրողների հետ զրույցում նախարար Ավանեսյանը հայտնել է, որ Խաչատրյանը ներկայումս հետազոտվում է և սպասում է հարազատների հետ հանդիպմանը։
«Նա ունի սրտի քրոնիկ հիվանդություն, առաջիկայում կիրականացվեն հավելյալ հետազոտություններ, որից հետո կկայացվի բուժման հետագա ընթացքի վերաբերյալ որոշում»,– նշել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ ամբողջական բժշկական տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանը շուրջ 15 տարի սրտային խնդիրներ ունի։
«Այս պահին առկա է վիճակի թեթև սրացում, սակայն մանրամասներ չենք կարող հայտնել»,– ասել է Ադամյանը։

















