Արդեն տեւական ժամանակ է՝ վարչապետ Փաշինյանը համացանցում «շախի է գցում» «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, թե՝ ուղիղ եթեր մտիր, տեսաուղերձ արա եւ այլն։
Մեր իրավական համակարգում այնպիսի «աջաբսանդալ» է, որ ոչ մի կերպ չի հասկացվում՝ Փաշինյանը դրդում է, որ Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գա, հետո այդ հիմքով նրա խափանման միջոցը խստացնեն ու կալանքի տա՞կ առնեն, թե՞ պարզապես ուզում է ուժեղ մրցակցի շուրթերից արձագանքներ ստանա։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը դեռեւս ամիսներ առաջ դիմել է դատախազություն եւ Քննչական կոմիտե՝ մի պարզ հարցի պատասխան ստանալու՝ հիմա թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ։ Երկու տարբերակ ունեն՝ «այո» կամ «ոչ»։ Որեւէ կերպ այդ պատասխանը չեն տալիս։
Tribune.am-ը փորձեց պարզաբանում ստանալ դատախազությունից՝ որպես օրինականությունը հսկող մարմին։ Հարցրեցինք՝ ըստ դատախազության, կա՞ որեւէ խոչընդոտ, որ Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գա թեկուզ հենց այսօր։ Դատախազությունից պատասխանեցին․ «ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում։ Մեր պատասխանը սա է»։ Պնդեցինք՝ դա գնահատականի հարց չի, այդպես էլ չի ընկալվում՝ հիմա կարո՞ղ է տեսաուղերձ անել, թե՞ չի կարող, դատախազությունն ի՞նչ է ասում։ Մեզ պատասխանեցին բառացի այսպես․ «Դատախազության դիրքորոշումը ներկայացրել ենք»։
Դատական ակտում նշված է` եթե փաստաբանները տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ համաձայնեցումը և թույլատրելիությունը չապահովեն քննիչի հետ, դա հիմք կհանդիսանա տնային կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու և խստացնող այլ խափանման միջոց ընտրելու համար։ Իսկ քննիչի համապատասխան թույլտվությունն այդպես էլ չեն ստանում։

















