Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների թափանցիկությունն ու օբյեկտիվությունը բարձրացնելու նպատակով հաշվառման-քննական ստորաբաժանումներում օգտագործվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Նոր համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում վերահսկել քննական գործընթացը և ապահովել դրա բազմակողմանի վերահսկողություն։
«Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա նաև ձևավորել թվային ամուր հիմքեր՝ քննական արդյունքների բողոքարկման դեպքում ունենալով օբյեկտիվ ու անհերքելի ապացույցներ, բացառել հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացու վարորդական հմտությունների գնահատումը իրականացվում է բացառապես սահմանված չափորոշիչներին համապատասխան և զերծ է որևէ սուբյեկտիվ մոտեցումից։ Միաժամանակ, տեսաձայնագրող սարքավորումները, ապահովելով փաստարկված արձանագրում, միտված են նաև պաշտպանելու ստորաբաժանման ծառայողների շահերը:
Այս գործընթացը նպատակաուղղված է ոչ միայն մատուցվող ծառայության որակը լավարկելուն, այլև հաշվետու և թափանցիկ միջավայրի ապահովմանն ու հանրության շրջանում վստահության բարձրացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

















