Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ:
Tribune.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերն ընդգծել են քաղաքական բարձր մակարդակի փոխայցերի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման տեսանկյունից:
«Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ դեսպան Բաղդասարյանը կարևորեց Վիետնամի հետ կապերի ամրապնդումը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում», – հաղորդել է ՀՀ դեսպանությունը:
Վերջինս հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման, զբոսաշրջության խթանման, Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթների կազմակերպման և այլ հարցեր: