Լիազորություններս դադարեցվել են իմ սեփական դիմումի համաձայն, ոչ մի տարաձայնություն չկա, հակառակը՝ ավելի հետաքրքիր պրոյեկտում եմ ներգրավվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն նախկին անդամ Վահագն Թևոսյանը:
«Պետական մասնակցությամբ, պետության նախաձեռնությամբ հանրօգուտ մեդիաբովանդակության խթանմանն ուղղված մի ծրագիր է ստեղծվելու, որի մեջ ներգրավվելու եմ և առաջիկայում զբաղվելու եմ դրանով: Ֆինանսավորելու է պետությունը: Ենթադրում եմ՝ պետական հիմնադրամ է լինելու, բայց դեռ ձևն ու բովանդակությունը պարզ չէ»,- ասաց նա:
Իսկ թե երբ կստեղծվի այդ հիմնադրամը, նա ասաց. «Դա ինձնից չի կախված: Ներգրավված են կառույցներ և տարբեր մարդիկ, չեմ կարող անոնսներ անել, որոնց պատասխանատուն ես չեմ: Հետագայում տեսանելի կլինի, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:
Թևոսյանը նշեց, որ պլանավորում է զբաղվել այդ ծրագրի առաջխաղացմամբ, նախագծի ձևը, բովանդակությունն, իր մասնակցության կարգավիճակը դեռևս քննարկումների փուլում են: «Պարզապես ես չէի կարող դրան որևէ կերպով ներգրավվել՝ առանց հրաժարականի դիմում ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս Խորհրդի անդամին այլ գործունեություն ծավալելու»,- ասաց նա:
Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էր դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները: