Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հիմնադրվել է 2023-ի հոկտեմբերի 4-ին, սակայն դրա գործունեության մասին քիչ բան է հայտնի։ Միայն այս տարվա սկզբին ծառայությունը արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույց հրապարակեց, դրանից հետո ծառայության աշխատանքի մասին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։ Այս մասին գրում է Factor.am-ը:
Factor TV-ն ուսումնասիրել է ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացրած հայտարարագիրը։ 2024-ի ընթացքում նա 21 միլիոն 461 հազար դրամ վարձատրություն է ստացել ԱՀԾ-ից։ Գրիգորյանը 3 անշարժ գույք է հայտարարագրել․ 3 բնակարան, որոնցից 2-ը Երևանում, մեկը՝ Սևանում (համատեղ սեփականություն)։ Երևանում գտնվող բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2015-ին, մյուսը՝ 2021-ին, երբ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Բնակարանը գնվել է «Միկշին» ընկերությունից հիփոթեքով՝ 35,3 միլիոն դրամով։ 2024-ի ընթացքում հայտարարատուն 8,6 միլիոն դրամ է ուղղել հիփոթեքի մարմանը։
Քրիստիննե Գրիգորյանը նաև 3,2 միլիոն դրամ բանկային հաշիվների մնացորդ է հայտարարագրել, ինչպես նաև կանխիկ դրամ՝ 480 դոլարի (տարվա սկզբում՝ 1000 դոլար) և 29 հազար դրամի չափով (տարվա սկզբում՝ 900 հազար դրամ)։ Բացի այդ, ծառայության պետը պետական եկամուտների կոմիտեից 2,7 միլիոն դրամի չափով եկամտային հարկի վերադարձ է ստացել։ Նշենք՝ արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։

















