Ավարտվեցին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները:
Չնայած այն հանգամանքին, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հավաքեց պատկառելի թվով ձայներ՝ մենք չկարողացանք հաղթահարել անցողիկության շեմը: Այս մասին հայտարարություն է տարածել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Միով բանիվ, ես շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն մեր ընտրողներից, այլ ողջ Գյումրից՝ ավանդույթներով ու կոլորիտով հարուստ այս քաղաքից:
Արժանապատիվ Գյումրին մերժեց կեղծիքի ու հայրենիքի գողերի կուսակցությանը՝ ճանապարհ բացելով երկրում որակական փոփոխությունների համար:
Եթե սրան հավելենք նաև Փարաքարի ընտրությունների համոզիչ արդյունքները, ապա կարող ենք վստահ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է:
Սրտանց շնորհավորում եմ Գյումրիի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցություններին. նրանց վրա դրված է արժանապատիվ գյումրեցիների տրամադրությունները կյանքի կոչելու առաքելությունը:
Վստահ եմ, որ ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում:
Սա է եղել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնական առաքելությունն այս ընտրություններում և վստահ եմ՝ օրեր անց պատեհություն կունենամ արձանագրել, որ ընդդիմադիր կոնսոլիդացված ջանքերը պսակվել են հաջողությամբ:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը շարունակելու է իր ինստիտուցիոնալ զարգացման քաղաքականությունը՝ վստահ համոզումով, որ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր են որակական փոփոխություններ»,- ասված է հայտարարության մեջ: