ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի գիտություն ԶԼՄ-ների
Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից (ՀԱՀ) ինձ առաջարկվել էր ընդհատել դասավանդումը բուհում: Չնայած, համալսարանի առաջարկությամբ ես աշնանային կիսամյակի աշխատանքային պայմանագիրը դրանից օրեր առաջ արդեն ստորագրել էի: Պատճառների մասին հավանաբար գիտեք շատերդ՝ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն օրեր շարունակ կազմակերպված թիրախավորել էին համալսարանն ու պղտորել մթնոլորտը: Համալսարանի ղեկավարության մոտ կար մտահոգություն, որ իմ հետայսու դասավանդումը կարող է էլ ավելի սրել համալսարանի թիրախավորումն ու խաթարել մեկնարկող ուսումնական պրոցեսը: Առերևույթ առիթն, ինչպես մատուցվեց, ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարաձգելու ՀԱՀ-ի որոշումն էր եղել (ինչն, ի դեպ, կարծեմ, չեղարկվել է): Թիրախավորման պատրվակը՝ իմ ֆեյսբուքյան մի գրառումը, որով Նիկոլին ու Աննային ընդամենը հիշեցրել էի իրենց նախահեղափոխական անցյալն ու ասել այն, ինչ մեր ժողովրդի 80-85 տոկոսի շուրթերին է՝ ձեր կենցաղի ու արտաքին տեսքի հեղափոխական փոփոխությունը ամենացցուն ապացույցն է այն բանի, որ դուք խաբել եք հայ ժողովրդին. «հեղափոխությունը» դրական փոփոխություններ բերել է միայն ձեր ու ձեր թիմակիցների կենցաղում: Ինձ համար ակնհայտ է սակայն, որ այս ամենի իրական հեղինակները, մայր պատճառներն ու նպատակները լրիվ այլ են: Կապրենք՝ կտեսնենք: