Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից։
Ըստ այդմ՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝
. նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը.
. առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը.
. խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա։
Այսպիսով՝
. «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը.
. անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի Միասնական սոցիալական ծառայության կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում.
. նպաստի մերժման համար հիմք կլինի նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։
Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում՝ անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստիճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից: