Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակի՝ Բելառուսը «Ռուսաստանի գուբերնիա» լինելու մասին հայտարարությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ալեն Սիմոնյանի խոսքերը «անհասկանալի և անհիմն նախանձի դրսևորում» են մի ժողովրդի և պետության նկատմամբ, որոնք, նրա խոսքով, Հայաստանին որևէ վատ բան չեն արել։
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հանձնել Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։
Զախարովան նաև հայտարարել է, որ «Երևանյան գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը» ազդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա։
«Հաղթանակի օրը զինադադար հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը, որին, ի դեպ, ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում, նյարդային, հիստերիկ արձագանք է առաջացրել Բանկովայում»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ Զելենսկին փորձել է նվազեցնել նախաձեռնության նշանակությունը, ապա ակնարկել Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի ուղղությամբ հնարավոր հարվածների մասին։
«Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը «վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անդառնալի ներգրավմանը՝ իր բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով Հայաստանի համար»։

















