ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ վիճել է լրագրող Հայկ Խալաթյանի հետ, երբ վերջինս հարցրել է օկուպացված Արցախում հայկական, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված խորհրդային հուշարձանների ոչնչացման և պղծման մասին:
Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված Արցախում դրանց ոչնչացումը, և Ռուսաստանի հայերի միությունն այս փաստի առնչությամբ դիմել է ՌԴ Քննչական կոմիտե: Խալաթյանը Զախարովայից հետաքրքրվել է՝ արդյոք ռուսական կողմը Բաքվից որևէ պատասխան ստացե՞լ է:
«Վստահեցնում եմ՝ մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Բայց ցանկանում եմ Ձեզ մի հարց տալ՝ այլ երկրներում ոչնչացվող հուշարձանները Ձեզ մտահոգո՞ւմ են: Ոչ մի անգամ ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել սրա վերաբերյալ որևէ նյութ», – ասել է Զախարովան:
«Ես լավ հասկանում եմ, թե հարցերն ինչ նպատակով եք տալիս: Խնդրում եմ, մի շարունակեք», – հավելել է Զախարովան՝ զարմանալով, թե ինչու հայկական կողմը չի բարձրացնում եվրոպական երկրներում խորհրդային հուշարձանների պղծման հարցը: