«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը։ Սա դրական ազդեցություն կունենա բազմաթիվ ոլորտների վրա, առաջին հերթին՝ առևտրի վրա», – նշեց նա։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին ձգտում է։ Ես տեսա այս հույսը Իլհամ Ալիևի հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։
Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը, անկասկած, արագացրին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմերն էլ հաղթահարեցին խաղաղության ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներ և մոտեցան վերջնական փուլին։
Միաժամանակ ես հանդիպումներ ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ Փաշինյանը հավատարիմ է նույն ուղղությանը։
Սահմանային անցակետերի բացմամբ, տրանսպորտային ուղիների գործարկմամբ և առևտրի ակտիվացմամբ տարածաշրջանը կստանա լուրջ դրական ազդակ։
Տարածաշրջանի մյուս երկրները նույնպես կկարողանան օգտվել համագործակցության նոր հնարավորություններից։ Վստահ եմ, որ ապագայում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերը ապարդյուն էին», – ասել է Էրդողանը։