Պետք է ասեմ, որ նախագիծը երկրորդական արդյունքներ ու ազդեցություններ ունի: Մենք, բոլորս պետք է ուրախանանք, այդ թվում նաև՝ դուք, պարոն, Աբրահամյան, որովհետև վեց ամիս կրճատելով պարտադիր ժամկետային ծառայությունը, երիտասարդը շուտ կամուսնանա, շուտ երեխա կունենա, շուտ ուսում կստանա և վեց ամիս շուտ հարկ կվճարի: Այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքին այն մասին, որ հանրության համար հաճելի նախագիծ է քննարկվում, բայց, երբ որ մարդը սկսում է սառը դատողությամբ դիտարկել, սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով՝ իր կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենալու:
Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը նախատեսված է եղել դեռևս 2021 թվականին՝ կառավարության ծրագրով, որի մեջ հստակ նշված է եղել, որ պարտադիր զինծառայության ժամկետը պետք է կրճատվի:
«Պաշտպանության նախարարությունը սովորական նախագիծ չի ներկայացնում, որովհետև, որպեսզի հասնենք սրան, բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել զինված ուժերում, որի արդյունքում հնարավոր է եղել ստանալ այս հաճելի նախագիծը: Այո, հանրության համար պետք է հաճելի լինի»,- նշել է Խաչատրյանը:

















