Yerkir.am-ը զրուցել է միջազգային հարցերի իրանցի ավագ փորձագետ, դոկտ․ Էհսան Մովահեդիանի հետ։
-Երեկ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին առաջին անգամ ուղիղ խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ այն համարելով ի վնաս Հայաստանի։ Այս պարզ ու հստակ ձևակերպումն ի՞նչ նշանակություն ունի։
Իրանի դիրքորոշումն ու հոգևոր առաջնորդի հայտարարությունը նորություն չեն։ Մինչ այս Իրանն իր շահերի դիտանկյունից էր զգուշացնում, որ սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն չի հանդուրժելու, իսկ հիմա բացատրում ենք, որ դա առաջինը հենց ի վնաս Հայաստանի է լինելու։ Խոսքը բնավ այն մասին չէ, որ մենք ուզում ենք այդ ճանապարհը մեր երկրով անցնի ու մենք տնտեսական շահ ունենանք, իսկ Հայաստանը ոչ։ Ուղիղ ասում ենք, որ եթե այդ ճանապարհը Հայաստանով տրամադրվի, կապ չունի՝ դա ինչի անվան տակ ու ինչ պատրվակով կլինի, վտանգելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Այս հանդիպմանը հոգևոր առաջնորդը մեկ անգամ ևս ցանկություն հայտնեց Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու։ Տնտեսության ոլորտում երկու երկրները համագործակցում են, բայց ավելի կարևոր ոլորտներում, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանն են առնչվում, այդ թվում՝ անվտանգության և տեղեկատվության ոլորտներում։ Եթե հաշվի առնենք Հայաստանի դեմ սպառնալիքները, ապա համագործակցության այս մասշտաբը բավարար չէ։ Եթե Հայաստանի իշխանությունն ուզում է օգնել Հայաստանի պահպանմանն ու պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապա պետք է խորացնի Իրանի հետ հարաբերությունները։ Իրանն Հայաստանի միակ վստահելի հարևանն է, իրական բարեկամ երկիր։ Ուստի ինչպես Իմամ Խամենեին է նշել՝ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով, առանց հաշվի առնելու օտարների քաղաքականությունը։ Սա շատ կարևոր է։ Նա ընդգծել է, որ պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։
Ամերիկացիները վերջին ամիսներին չարություն են անում, ակտիվացել են Հայաստանում, որպեսզի ներթափանցեն Հայաստանի ռազմական, անվտանգային ու հետախուզական համակարգեր։ Պաշտպանական ոլորտում թեպետ սահմանափակ, բայց համագործակցում են, ներդրումներ են իրականացնում, փորձում են վերահսկել կապի ցանցերը, աշխատում են ՏՀՏ(ICT) ոլորտի վրա։ Ջանք են գործադրում իրենց տարրերին տեղավորել Հայաստանի քաղաքական համակարգում։ Մշակութային ոլորտի վրա նույնպես աշխատում են, փորձում են թուլացնել ՀԱԵ-ն ու աղանդներ են քարոզում։
Ինչպես դեսպան Սոբհանին է նշել՝ ԱՄՆ-ն, Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ուզում են փչացնել Իրան-Հայաստան հարաբերությունները, իսկ Հայաստանի իշխանությունը պետք է գիտակցի, որ դա ի վնաս իրեն է լինելու։
-Հենց այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ‘Բրայենն է հայտարարել, որ ԱՄՆ–ն ցանկանում է բացել Ադրբեջանով և Հայաստանով անցնող ճանապարհ, որը կշրջանցի ՌԴ–ն և Չինաստանը։
Ակնհայտ է՝ ցանկացած գնով ուզում են իրականացնել այդ ծրագիրը։ Եթե Հայաստանը համաձայնվի, ուրեմն տուժելու է։ Եթե այդ միջանցքը ստեղծվի, անգամ կարճաժամկետ կտրվախքով հանգեցնելու է Հայաստանի հյուսիսային շրջանների ժողովրդագրական պատկերի, մշակույթի ու ինքնության փոփոխության։ Դրանով հող կպատրաստեն Սյունիքը Հայաստանից կտրելու համար։ Մենք կտրուկ դեմ ենք, քանի որ Հայաստանի բարեկամն ենք ու հավատացած ենք, որ երկու երկրների հարևանությունն է վերանալու, Հայաստանը հայտնվելու է շրջափակման մեջ ու խաթարվելու է ՀՀ գոյությունը։ Դա վտանգ է նաև Իրանի համար, քանի որ Իրանի թշնամիների մի լայն շրջանակ շրջափակման մեջ են դնելու Իրանին։
-Իրանն ընդունա՞կ է դիմադրելու այս ծրագրին։
Իրանը և՛ ընդունակ է, և՛ ցանկություն ունի անելու դա։ Երկու զորավարժություն է իրականացրել սահմանին ու փաստել, որ հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի հետ սահմանը։ Բազմիցս եմ նշել, որ եթե երկու երկրները համատեղ զորավարժություն անեն, կամ անցնեն ռազմավարական համագործակցության՝ անվտանգության և տեղեկատվության ոլորտներում ու հրավիրեն Ռուսաստանին, Հնդկաստանին ու անգամ Վրաստանին՝ համագործակցելու, այդպիսով Հայաստանի պաշտպանությունը կբարելավվի։ Հայկական կողմում այդ լրջությունը չենք տեսնում։ Հայաստանի իշխանությունները չպետք է վախենան ԱՄՆ-ին անհանգստացնելու մտքից, ի վերջո գոյաբանական սպառնալիքների առջև եք կանգնած։
-Այսօր առավոտյան Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։ Սա մեծ պատերազմի նախերգա՞նք է։ Ի՞նչ է սպասվում։
Այաթոլլահ Խամենեին հայտարարությամբ է հանդես եկել, նշել, որ սիոնիստական ոճրագործ ու ահաբեկչական ռեժիմը մեր տան ներսում նահատակեց մեր հյուրին և սգի մատնեց մեզ, բայց ճանապարհ հարթեց իրեն դաժանորեն պատժելու համար։ Նա ընդգծել է, որ այս դառը և ծանր ողբերգության համար, որը տեղի ունեցավ մեր հողի վրա, մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրա արյան համար։ Պարզ է այս հայտարարությունից, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պատշաճ հակադարձել Դիմադրության առանցքի նշանավոր դեմքերից մեկի սպանությանը։
Մեղրի Ղուկասյան