Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ է դարձել, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս մի քանի դիտարկում է արել:
Ըստ նրա` Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում:
«Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնով, սակայն դա թուրքական զորքերի ներկայության ֆորմալ հատվածն էր:
2020 թ.-ի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի և Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին:
Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2023 թ.-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, ավելին` հրադադարի պայմանավորվածությունից հետո փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ քաղաք, սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվել:
Ընդ որում` դրանք գործել են ոչ թե Ադրբեջանի զինուժի հրամանատարության, այլ ուղիղ Թուրքիայի գլխավոր շտաբի հրամաններով, ավելին` նշածս դեպքով պայմանավորված, դեռ այդ օրերին որոշակի խմորումներ են եղել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու թեման վերջնական հարթվել է 2 երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո», – գրել է նա։