ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր նախագահության օրոք «մեզ երբեք պատերազմ չէր սպառնա», եւ նա թույլ չէր տա, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատերազմ սկսեր Ուկրաինայի դեմ։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Bloomberg-ի հարցազրույցում։
«Մենք Պուտինի հետ լավ էինք գլուխ հանում, մենք լավ հարաբերություններ ունեինք… Նա երբեք չէր խցկվի Ուկրաինա։ Ես կասեի. «Երբեք, երբեք չխցկվես Ուկրաինա»,- հայտնել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփի կարծիքով՝ աշխարհի ներկա իրավիճակը «կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով»։ Քաղաքական գործիչն ամեն բանում մեղադրում է ընտրություններում իր մրցակցին՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին։
«Իմ օրոք պատերազմ չի եղել… Ոչ մի պատերազմ՝ ԻՊ-ից բացի։ Ես նրանց վերջը տվեցի շատ կարճ ժամանակում։ Ինձ ասում էին, որ դրա համար հինգ տարի է պետք, իսկ ինձ քիչ ժամանակ պետք եղավ, մենք նրանց հաղթեցինք… Եվ Ռուսաստանը ոչ մի տարածք չէր զավթում»,- ավելացրել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի թեկնածուն ասել է, որ մտածել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման մասին, քանի որ նման սահմանափակումների կողմնակից չէ։
Թրամփի խոսքով, եթե ԱՄՆ-ը «խելացի նախագահ» ունենա, ապա այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, Նահանգների թշնամիները չեն լինի։