Իտալացի բռնցքամարտիկ Կարինին հրաժարվել է շարունակել պայքարը մենամարտի մեկնարկից 46 վայրկյան անց։
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) քննադատել է ալժիրցի Իման Խելիֆի մասնակցությունը օլիմպիական մրցաշարին։ Հայտարարությունը հրապարակվել է IBA-ի կայքում։
Կազմակերպությունը հայտարարել է, որ հավատարիմ է կին բռնցքամարտիկների իրավունքները պաշտպանելու սկզբունքներին և քննադատել է ինչպես ՄՕԿ-ին, այնպես էլ World Boxing-ին՝ «ոչ որակավորում ունեցող» մարզիկներին մրցելույթներին մասնակցելու թույլ տալու համար: IBA-ն հիշեցրել է, որ 2023 թվականին Հնդկաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ Խելիֆը և Լին Յութինգը հեռացվել են՝ մրցաշարի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Գենդերային թեստի արդյունքում, որն անցկացվել է IBA-ի պահանջով, ապացուցվել է, որ մարզուհիներն ունեն XY քրոմոսոմներ։
«Մենք լիովին անհանգստացած ենք այն հարցում, թե ինչու է որևէ կազմակերպություն բռնցքամարտիկին ենթարկում ռիսկի, որը կարող է հանգեցնել հնարավոր լուրջ վնասվածքի, կամ ինչպես դա կարող է արվել, եթե բռնցքամարտիկը չի համապատասխանում մրցաշարի չափանիշներին: Մենք պաշտպանում ենք կանանց և հավասար մրցակիցների հետ ռինգում մրցելու նրանց իրավունքները»,- ավելացրել է IBA-ն:
Նախօրեին ալժիրցի Խելիֆը Փարիզում ընթացող օլիմպիական մրցաշարի 1/8 եզրափակիչում հաղթել էր իտալուհի Անժելա Կարինիին։ Մենամարտի 46-րդ վայրկյանին իտալացին հրաժարվել է շարունակել պայքարը։ Նա մենամարտն անարդար է անվանել, իսկ հետո նաև հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Ես ինքս ինձ հարցրի. ո՞վ է իմ դիմաց: Բայց դա իմ որոշելիքը չէ: Ես ցավում եմ նրա համար, մեր շուրջը մեդիաբում է այս պահին։ Ո՞վ ենք մենք, որ դատենք։ Ասել, թե որն է ճիշտ և ինչն է սխալ: Մենք մարզիկներ ենք, մենք դատավոր չենք։ Ինձ համար սա պարտություն չէ։ Ես չեմ պարտվել, ուղղակի գիտակցաբար հանձնվել եմ: Գլուխս բարձր եմ հեռանում ու հիմա հրաժեշտ եմ տալիս բռնցքամարտին»,- Կարինիի խոսքերն է մեջբերում La Stampa-ն։
«Տղամարդիկ չպետք է հարվածեն կանանց, դա անընդունելի է։ Ես ամբողջ կյանքում մարզվել եմ, որ մասնակցեմ Օլիմպիական խաղերին և իմ հիվանդ հայրիկի համար նվաճեմ օլիմպեական մեդալ»,- ասել է Կարինին՝ հավելելով, որ ավարտում է կարիերան։