Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Փարիզ-2024-ի շրջանակում միջազգային օլիմպիական հանրությանն ուղղված կոչին՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ ջանքեր գործադրելու վերաբերյալ:
ՄՕԿ նախագահին ուղղված նամակում Ծառուկյանը գրել էր.«Կոչ եմ անում՝ գործադրել ձեր հեղինակությունը՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու ՀՀ քաղաքացիներին»:
«Այս ուղերձի քաղաքական, տեղեկատվական, բարոյական բաղադրիչները չափազանց կարևոր են:
Օլիմպիադան ոչ միայն ինքնին խաղաղության ուղերձ է, այլ նաև իր շուրջ ստեղծել է տեղեկատվական, դիվանագիտական կարևոր միջավայր, որտեղ ցանկացած երկիր ձգտում է ներկայացնել իր առաջնահերթություններից բխող խնդիր:
Ծառուկյանը հենց այս համատեքստում է բարձրացրել պատանդառված մեր հայրենակիցներին ազատ արձակելու հարցը: Իհարկե, ՀԱՕԿ նախագահի ուղերձը կարող էր խիստ արդյունավետ ընթացք ստանալ, եթե այս խնդրում Հայաստանի իշխանությունը հստակ օրակարգ ունենար, բավարար ջանքեր գործադրեր:
Հուսամ՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը դրական առումով վարակիչ կլինի. յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների առջև դնել հումանիտար այս խնդիրը լուծելու անհրաժեշտության պատասխանատվությունը», – գրել է Սուրենյանցը: