Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Ֆահդ բեն Աբդել Ռահման ալ-Ջալաջելը հայտնել է, որ մուսուլմանների՝ դեպի Մեքքա ուխտագնացության (հաջ) ժամանակ մահացած հավատացյալների թիվը 1,000-ից հասել է 1,301-ի։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նրանց 83%-ը համապատասխան վիզա չի ունեցել, ուստի ստիպված է եղել երկար ճանապարհներ անցնել առանց արևից պատսպարվելու, ինչն էլ հանգեցրել է հյուծվածության և մահվան: Մահացածները թաղվել են Մեքքայում։
Մահացածների ինքնությունը պարզելու գործընթացը ձգձգվել է, քանի որ շատերն իրենց հետ փաստաթղթեր չեն ունեցել։
Մահացածների թվում եղել է 660 եգիպտոսցի։ Նրանցից միայն 31-ն ուներ Սաուդյան Արաբիայում գտնվելու իրավունք։ Եգիպտոսը չեղյալ է հայտարարել 16 տուրիստական գործակալության արտոնագրերը, որոնք օգնել են ուխտավորներին առանց թույլտվության մեկնել Սաուդյան Արաբիա։
Associated Press-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում եղել է 165 մարդ Ինդոնեզիայից, 98-ը՝ Հնդկաստանից և տասնյակները՝ Հորդանանից, Թունիսից, Մարոկկոյից, Ալժիրից, Մալայզիայից: