«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի մայիսի 14-16-ը Երևանում անցկացված «Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկ»-ի կառավարիչների խորհրդի` 2024 թվականի տարեկան հանդիպման կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 799 միլիոն 478 հազար դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կնքած պայմանագրից։
1 միլիարդ 799 միլիոն դրամի ծառայությունները մատուցել է «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն։ 123 էջից բաղկացած պայմանագրից տեղեկանում ենք, որ այս ընկերությանն է վստահվել առաջնության հետ կապված բոլոր ծառայությունների տրամադրումը, որոնք ներառում են գովազդային ծառայություններ, հյուրանոցների ամրագրում, ձայնային, լուսային սարքավորումների ապահովում, հյուրերի ուղևորափոխադրում, վիդեո և ֆոտո նկարահանում, համաժամանակյա թարգմանություն և այլն։
«Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 81%-ը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, 19%-ը՝ Վազգեն Պողոսյանը. նրանք երկուսն էլ հաշվառված են նույն հասցեում։ Վազգեն Պողոսյանը մեկ անձից գնումներ իրականացնող աղմկահարույց՝ «Ֆակտորի Փրոդաքշըն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից մեկն է, որը, հետագայում, դարձել է արդեն «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի տնօրենը։
Նշենք, որ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։ Հարկ է նշել, որ «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության և Ջազի միջազգային օրվա կազմակերպումն է ստանձնել նաև։
Տեղեկացնենք նաև, որ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ հեղափոխությունից մի քանի օր անց, և այս տարիների ընթացքում կնքել է 12 պայմանագրեր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության հետ»։