Կառավարությունը հաստատեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Օրինագծով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար, կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
Ըստ նախարար Մխիթար Հայրապետյանի՝ ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ:
Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: