Այս կրթաթոշակը ստեղծվել է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի պատվին: Կրթաթոշակային ծրագիրը կրում է Սոնայի անունը՝ նպատակ ունենալով շարունակել նրա գործն ու աջակցել նրան այդքան մտահոգող խնդիրների լուծմանը:
Կրթաթոշակային ծրագիրը նախաձեռնել է Սեդա Պապոյանը ՝ Սոնայի ընկերուհին և FemInno-ի հիմնադիրը, և լայն աջակցություն է ստացել Սոնայի ընտանիքի ու ընկերների կողմից: 2022 թվականին՝ կրթաթոշակային ծրագրի առաջին տարվա ընթացքում 10 վառ տաղանդավորներ պարգևատրվեցին, FemInno կոնֆերանսի շրջանակներում։ 2023-ի դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կրթաթոշակ հատկացնել ևս 7 աղջիկների:
Սոնայի մասին պատմում են, որ նա բացառիկ և տաղանդավոր կին էր, ում համար կարևոր էր Հայաստանին վերաբերող ամեն բան: Նա օգնում էր յուրաքանչյուր կարիքավորի ու հնարավոր ամեն տեղ փոփոխություն բերում: Նրա կյանքի ուղին և հրաշալի ծրագրերը ողբերգական պատահարի արդյունքում ընդհատվեցին՝ իր հետ տանելով դեռևս չծնված դստերը։ Նա հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և յուրաքանչյուրն արժանի է այդ հնարավորությանը։ Եկե՜ք շարունակենք Սոնայի տեսլականն ու աջակցենք երիտասարդության կրթությանը: Սոնա Մնացականյան կին տաղանդների կրթաթոշակը համախմբում է այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային և նրա աշխատանքը, ցանկանում են աջակցել նրա կիսատ թողած գործին։ Կրթաթոշակը նաև համախմբում է Հայաստանի STEM/ԳՏՃՄ ապագայով հետաքրքրված անձանց։
Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով հատկացվում են տաղանդավոր հայ կանանց ու աղջիկներին հետևյալ երեք հիմնական անվանակարգերում.
- Վերականգնվող էներգիա,
- Տեխնոլոգիա,
- Գիտություն։
Կրթաթոշակների նոր փուլը կրկին կշնորհվի հիշյալ կոնֆերանսում, որը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 27-28-ը՝ Երևանում: Հայաստանից և Արցախից տասը աղջիկներ և կանայք, ովքեր զբաղվում են վերը նշված երեք հիմնական ոլորտներից որևէ մեկով, աջակցություն կստանան շարունակելու իրենց ջանքերը: Հիմնական նպատակն է շարունակել Սոնայի ծրագրերը՝ զարգացնելու Հայաստանը որակյալ կրթության, տաղանդավոր մարդկանց աջակցության և, մասնավորապես, Սոնայի նման կանանց և աղջիկներին կրթելու շնորհիվ: Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որը շուտով կհայտարարվի և կդիտարկվի կազմակերպիչներից, Սոնայի ընտանիքի անդամներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից:
Որպես խորհրդանշական ավանդույթ՝ ընտրված դիմորդներին մրցանակը հանձնում է Սոնայի մայրիկը։
