Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ ՊՆ-ում ի՞նչ գործառույթներ են վերապահված լինելու ԱՄՆ բանակի ներկայացուցչին՝ դեսպանությունից հաղորդել են. «Քաղաքացիական խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից. ֆինանսավորումն ապահովվում է Պետքարտուղարության կողմից և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։ Խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով Դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»։
Դեսպանությունը նաև հավելել է, որ խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։
«Քաղաքացիական խորհրդատուի ընտրությունը կատարված է և այս տարի ավելի ուշ նա աշխատանքի կանցնի»,- եզրափակել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից։