ՀՀ Վարչական դատարանի դատավորներն ու մյուս աշխատակիցները հայտարարել են գործադուլ: Լուրը հաստատում է նաև Դատական դեպարտամենտը, մանրամասնելով, որ Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ:
«Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։
Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- հայտնում են դեպարտամենտից:
Դատարանի աշխատակիցներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործադուլին են միացել ինչպես դատավորները, այնպես էլ դատարանի մյուս աշխատակիցները: «Գործադուլ են անում դատավորների օգնականները, գործավարները ու նիստերի քարտուղարները։ Խնդիրը աշխատավարձերի բարձրացումն է: Մեզ կանչել և պաշտոնապես հայտարարել էին, որ հուլիսի 1-ով բարձրանալու է ու հիմա ասում են, որ չի բարձրանալու»,- ասաց նա՝ նշելով, որ պարգևավճարները հանելուց հետո խոստացել են, որ աշխատավարձը բարձրացնելու է, սակայն այդպես էլ չի բարձրացել:
«Կառավարություն գրություն ենք ուղարկել ողջ անձնակազմի ստորագրություններով, հիմա սպասում ենք արձագանքի: Մեզ միացել են մեր գործընկերները Վանաձորից, Գյումրիից և Սևանից: Խնդիրը բոլոր դատարաններին է վերաբերում, մի շարք աշխատակիցներ լավ առաջարկներ չեն ընդունել՝ այն մտքով, որ աշխատավարձը բարձրանալու է, սակայն նույն 80-90 հազար դրամն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք՝ վարչական դատարանի գրասենյակը 12։00-ից փակ է: