«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել, որ ՔՊ-ական պատգամավորները կտրվել են ժողովրդից, իրականությունից, ուստի վարչությունը որոշում է ընդունել, որ պատգամավորները պարտադիր պետք է մասնակցեն կուսակցության տարածքային կազմակերպության խորհուրդների ձևավորմանը, պետք է պարտադիր թեկնածություն առաջադրեն: Իսկ կընտրվեն, թե ոչ` դա էլ կլինի նրանց աշխատանքի գնահատականը։
Բանն այն է, որ լրանում է կուսակցության կանոնադրությամբ առաջադրված տարածքային խորհուրդների երկամյա ժամկետը, և մինչև աշուն պետք է նոր խորհուրդներ ձևավորվեն: Այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են, երեկ Շենգավիթում է ՔՊ-ն նորացվել, և փակ ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում, ի թիվս այլոց, ընտրվել են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հռիփսիմե Հունանյանը:
Ի դեպ, թեկնածուների մեջ է եղել նաև Հայկ Ցիրունյանը, ում չեն ընտրել։ Նշենք, որ, չնայած արձակուրդում գտնվելու փաստին, ընտրություններին անձամբ Փաշինյանն էլ է մասնակցել՝ կարևորելով տեղերում խրամատավորման և առաջիկա ընտրություններին պայքարի հարցը»։