Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն ընտրեց Արմեն Քոլոյանին:
Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է: Հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը նախապես հայտարարել էր, որ Արմեն Քոլոյանի հաղթանակը կանխորոշված է:
Tert.am-ի հետ զրույցում Խումարյանը հաստատել է, որ ինքը չի ընտրվել:
«Քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ և, փաստորեն, աշխատանքի առայժմ չեմ վերադառնում»,- ասել է նա:
Խումարյանն ասել է՝ շատ կուզեր հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։
«Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա»,- ասել է նա:
Նա ընդգծել է, որ սկսում են բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։
«Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված»,- նշել է նա: