Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել 2005 թվականին Սերժ Սարգսյանի ու ֆիզիկական անձի միջև կնքված՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 1.4514 հա հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 297 մլն 980 հազար դրամ։
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ»,- ասվում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

















