Աննա Հակոբյանի ընկերուհի, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժեց։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
«Միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես՝ դատավորի որդու 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։