ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Մտովի պատկերացրեք, որ երազում մի այսպիսի շարժանկարի եք ականատես լինում․ ձեր առջև գայլերի կատաղած ոհմակ է, իսկ ձեր հետևում՝ անդունդ: Իսկ թիկունքում՝ ձեր պաշտպանության վերջին պատվարը, ձեր ընտանիքն է՝ հայրը, մայրը, կինը և երեխաները: Կարծես թե մեծ ընտրություն չկա և սեփական գոյատևման բնազդն ու սիրելիների նկատմամբ բնական հոգատարությունը ակնթարթորեն որոշում են ձեր առաջնահերթությունները. դուք պատրաստ եք նրանց պաշտպանել մինչև ձեր վերջին շունչը:
Բայց ահա՛ հրաշք է տեղի ունենում (իսկ երազներում հաճախ են հրաշքներ պատահում)․ ձեր ընտանիքի փոխարեն հանկարծ թիկունքում հայտնվում է հայրենիքը, և դուք անմիջապես արթնանում եք և թեթևացած շունչ քաշում։ Ինչ լավ է, որ երազ էր։
Սա՛ է զարմանալին ու տարօրինակը. հայրենասիրության զգացողությունը (եթե անգամ այն ունեցել ես), արտահայտվում է ըստ քո տրամադրության, ցանկության ու պատեհապաշտության։ Պետությունդ ու հայրենիքդ պատմական արհավիրքների անդունդի եզրին է, իսկ դու աշխատանքային օրերդ ես հանգիստ գլորում, զբաղված ես սեփական առօրեական հոգսերով, ժամանցների ես մասնակցում, վայելքների ես տրվում, գնում ես ամառային արձակուրդի, որովհետև որոշել ես, որ հոգնել ես, շատ ես աշխատել, մի քանի անգամ էլ մտքումդ, կամ «հոգեպես» փրկել ես հայրենիքդ և, իհարկե, ջլատվել ես ու հանգստի կարիք ունես։
Միգուցե, փառապանծ իմ ժողովուրդ, դու գլոբա՞լ ես հոգնել։ Եթե զավակներիդ պարտքի զգացումը դարձել է ընտրովի, իսկ պետության ու հայրենիքի պաշտպանությունը՝ ժամանակացույցով, միգուցե վրա է հասել վերջի սկի՞զբը:
Ներկայիս հանրության մարդկային բնույթն է հոգնել, հատկապես, երբ սեփական ներդրումը սեփական երկրի անվտանգության և բարգավաճման գործում այլևս չի զգացվում որպես անմիջական պարտականություն և անխուսափելի անհրաժեշտություն, այլ ավելի շուտ որպես հոգնեցուցիչ առօրյա գրաֆիկի մաս:
Ակնհայտորեն, հավաքական պատասխանատվության առաջնորդությունն ու դրա բաշխվածությունը մեր հասարակության մեջ հանրային դրամատիկ քննարկման ու անհապաղ վերանայման կարիք ունի: Կործանարար է, երբ սեփական ընտանիքը պաշտպանելը շատ ավելի քիչ մտորումներ և վարանումներ է առաջացնում, քան սեփական պետությունն ու հայրենիքը պաշտպանելը»: