Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ: Գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Ադրբեջանը Արցախում հետեւողական վերացնում է հայկական քաղաքակրթական-մշակութային հետքը: Այստեղ նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչն է դրա նպատակը:
Ադրբեջանը գիտե, որ ազգային, էթնոքաղաքակրթական, դավանա-քաղաքական օրակարգերը չեն փակվում երբեք: Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ:
Բայց, խնդիրը, որ լուծում է Բաքուն, բացարձակապես չի ենթադրում վարչատարածքայնություն: Այստեղ է, որ շատ կարեւոր է հասկանալ այդ «լուծման» տրամաբանությունը: Ու, քանի որ դրա տրամաբանությունը միջազգային կամ աշխարհաքաղաքական հարատեւ գործընթացի հանդեպ իր անվտանգության ու կենսունակության համակարգ կառուցելն է, Ադրբեջանի գործողությունների մասշտաբը անխուսափելիորեն դիտարկում է նաեւ Հայաստանը, որպես դավանա-քաղաքական, էթնո-քաղաքակրթական վտանգի «օջախի» չեզոքացում:
Շարքային հանրությունը բացարձակապես կարող է եւ չմտածել այդ ամենի մասին, չպատկերացնել այդ ամենը, անգամ «շենքի բակերի աշխարհաքաղաքականագետների» մակարդակով, որոնց երեւակայությունը տեղավորվում է միայն երեք տառի շրջանակում՝ ԿԳԲ, «ամեն ինչ ԿԳԲ ձեռքի գործն է» կոնցեպտով: Բայց, երբ այդ ամենի մասին մտածելուց հրաժարվում է պետական վերնախավը, եւ հասարակական-քաղաքական առաջատար խմբերի մի որոշակի մաս, դա արդեն այլ բան չէ, քան կանաչ լույս Ադրբեջանի առաջ»:

















