«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
«Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են և ծիծաղելի»,-ասել է հայտնի բժիշկն ու մարդասերը: Տեսաուղերձում նա ասում է.
«Ողջույն, ես Թոմ Քաթինան եմ, այստեղ՝ Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված «Գթության Մայր» հիվանդանոցի բուժական տնօրենը։
Այս կարճ տեսահոլովակով աջակցությունս եմ հայտնում իմ ընկեր Ռուբեն Վարդանյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում։ Ես Ռուբենին ճանաչում եմ 2017 թվականից, երբ այդ տարի արժանացա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ Սուդանում աշխատելու համար։
Լինելով նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության նախագահ, այս տարիների ընթացքում ես հասցրել եմ բավականին լավ ճանաչել Ռուբենին։ Մենք բավական հաճախ ճանապարհորդել ենք միասին՝ որոշ նախագծերի իրականացման նպատակով։
Ես Ռուբենին գիտեմ որպես բացառիկ արդար, բացառիկ ազնիվ մարդու։ Եվ ցանկացած ոք, ով գիտի Ռուբենին, գիտի, որ այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրված են նրա նկատմամբ, բացարձակապես կեղծ են ու բացարձակապես ծիծաղելի։
Ռուբենն Արցախ էր մեկնել՝ օգնելու այնտեղի կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը և, չնայած դրան, նա որոշեց գնալ:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ պահանջելու ինչպես Ռուբենի, այնպես էլ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, որոնք անարդարացիրոնեն պահվում են ադրբեջանական բանտում»։