Բրիտանական Փիդինգթոն քաղաքի ծխական խորհուրդը, որը կազմակերպել էր Միացյալ Թագավորությունից անկախության վերաբերյալ խորհրդանշական հանրաքվե, ցանկանում է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քաղաքը Միացյալ Նահանգներ ընդունելու համար, հաղորդում է Newsweek-ը՝ հղում անելով քաղաքի քաղաքապետ Թիմ ՄաքՆալիին։
Սեպտեմբերի սկզբին Օքսֆորդշիրի Փիդինգթոն քաղաքի բնակիչները քվեարկել էին «Մեծ Բրիտանիայից դուրս գալու» խորհրդանշական անկախության հանրաքվեում՝ կառավարության կողմից փախստականներին մոտակա ռազմական բազայում տեղավորելու որոշումից հետո։
«Նրանք (Փիդինգթոնի բնակիչները — խմբ.) պլանավորում են պաշտոնապես դիմել ԱՄՆ-ին միանալու համար, եթե բրիտանական կառավարությունը շարունակի իր ծրագիրը՝ 1250 տղամարդ ապաստան խնդրողների տեղավորելու քաղաքի ծայրամասում գտնվող հաստատությունում», — հաղորդում է թերթը։
Փիդինգթոնի քաղաքապետը թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ծխական խորհուրդը կարող է «ԱՄՆ-ի աջակցությունը ստանալ՝ նրա 51-րդ նահանգը դառնալու համար»։ Նրա խոսքով՝ խորհրդի անդամները նամակ են գրել Թրամփին և դոսյե են ուղարկել ամերիկյան դեսպանատուն՝ ներկայացնելով իրենց փաստարկները։
«Մենք ամերիկյան կառավարության հետ ուղղակի բանակցություններ չենք վարել, բայց մենք հսկայական աջակցություն ենք ստացել ամերիկացի քաղաքացիներից: Ես անձամբ էլեկտրոնային նամակներ եմ ստացել ամբողջ Միացյալ Նահանգներից, որոնցում ասվում է. «Մենք ուրախ ենք ձեզ ողջունել», — թերթը մեջբերում է խորհրդի անդամ Մայքլ Նիքսոնի խոսքերը։
Բրիտանական իշխանությունները մտադիր են բացել Փիդինգտոնում գտնվող երեք նոր փախստականների ճամբարներից մեկը, որը գտնվում է նախկին ռազմական բազաների վրա:

