ԱՄՆ վարչակազմը կտեղեկացնի Կոնգրեսին, եթե որոշի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն Բրատիսլավայում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
«Ոչ ոք երբեք չի կարողացել հաջող համաձայնության հասնել Իրանի հետ, բայց մենք կփորձենք։ [ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ] Սթիվեն Ուիթկոֆը և [ձեռնարկատեր] Ջարեդ Քուշները մեկնում են մի շարք կարևոր հանդիպումների, հնարավոր է՝ արդեն ճանապարհին են, և կտեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն։ Կոնգրեսին այս կամ այն որոշումների մասին տեղեկացնելու հարցում մենք միշտ հետևելու ենք համապատասխան օրենքներին», — ասել է Ռուբիոն՝ պատասխանելով Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ հարցին։
Հարկ է նշել, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը։

















