Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին, հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվա է ժամանել մի քանի րոպե առաջ՝ մասնակցելու ֆորումի ութերորդ գագաթնաժողովին», — հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։
Միջոցառմանը ելույթ ունենալուց բացի, Իրանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող երկրների ղեկավարների հետ։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Փեզեշքիանը, ֆորումի միջոցառումներին մասնակցելուց բացի, նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ նախատեսված է Թեհրանի և Մոսկվայի տնտեսական համագործակցության, էներգետիկ անվտանգության և աշխարհաքաղաքական հարցերի քննարկում:

