Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի շնորհանդեսը, որի 5 կետերից մեկը գյուղացիների համար այդքան ցավոտ մթերման խնդիրն է լուծելու։ Ծրագրում նախատեսվում է բերքի երաշխավորված մթերում՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կողմից:
Գյուղն ու գյուղացին միշտ եղել են Կարապետյան ընտանիքի ուշադրության կենտրոնում: Նրանց համար աջակցությունը երբեք մեկանգամյա քայլ չի եղել, այլ շարունակական պատասխանատվություն հայրենի հողի և այնտեղ ապրող մարդկանց հանդեպ, իսկ ներդրումները՝ ապագայի համար: Օրինակ, կորոնավիրուսի ծանր տարիներին, երբ ամբողջ աշխարհը կաթվածահար էր, գյուղացիները զրկված էին աշխատելու՝ մասնավորապես արտագնա աշխատանքի հնարավորությունից։ Փակ ճանապարհներն ու համավարակը կարող էին համայնքը կանգնեցնել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առաջ:
Ստեղծված իրավիճակը մեղմելու համար Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է լայնածավալ աջակցության ծրագիր՝ Լեռնահովիտ գյուղի բոլոր բնակիչների համար, առանց բացառության: Մեծ ցանքատարածքներ ունեցողներից մինչև տնամերձ հողամասեր բոլորը ներգրավված էին ծրագրում: Գյուղացիներին տրամադրվեցին սերմնացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև անհրաժեշտ գյուղտեխնիկա՝ գարնանացանը ժամանակին իրականացնելու և գյուղացու հետագա ապրուստն ապահովելու համար: Աջակցությունն ուներ երկարաժամկետ նշանակություն․ լուծվեց զբաղվածության հարցը, համայնքը պաշտպանվեց սպասվող ճգնաժամից, և ամենակարևորը՝ գյուղացին վերադարձավ հողագործությանը։

















