ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային 2016 թվականի ընտրությունների ժամանակ «պետական հեղաշրջման» փորձի մեջ և կոչ է արել նրան ձերբակալել։ Նա այդ մասին հայտարարել է Truth Social-ի իր էջում։
Թրամփը պնդել է, որ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակել է «Ռուսաստանի գործին» վերաբերող հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Բարաք Օբաման անձամբ հրամայել է ԿՀՎ գործակալներին կեղծ տեղեկություններ հորինել նախագահ Թրամփի մասին և ակտիվորեն «համագործակցել է թշնամու հետ»՝ ժողովրդավարության և Թրամփի 2016 թվականի հաղթանակի նկատմամբ ամերիկյան վստահությունը խաթարելու համար։
Օբամայի ձերբակալման այս կոչը հնչել է այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն խուզարկել է Ատլանտայի մոտ գտնվող Ֆուլտոն շրջանի ընտրական գրասենյակը՝ առգրավելով 2020 թվականի ընտրություններին վերաբերող փաստաթղթեր։ Գործողությանը մասնակցել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գաբարդը ինքը և ՀԴԲ փոխտնօրեն Էնդրյու Բեյլին։

















