Լոս Անջելեսում հայտնաբերվել են հայ ընտանիքի չորս անդամների դիակներ։ Միջադեպի մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Իրավապահ մարմինների կողմից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը սպանել է իր երկու երեխաներին և ամուսնուն, նախքան ինքնասպան լինելը։
Ողբերգության զոհերն են՝ 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, նրա երկու տարեկան որդին՝ Ալեքը, և վեց օրական դուստրը՝ Էլլան։ Մայրը՝ 30-ամյա մի կին, նույնպես մահացած է գտնվել։ Հետաքննիչները նրան են համարում կասկածյալ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ որևէ կասկածյալի չեն փնտրում և միջադեպը որակել է որպես հաստատված սպանություն-ինքնասպանություն։
Eyewitness News-ի փոխանցմամբ՝ Խաժակ Բասմաջյանը աշխատել է որպես ծրագրային ապահովման ինժեներ BlackLine-ում։
«Մենք խորապես վշտացած ենք այս ողբերգական կորստից։ Ընտանիքի նկատմամբ հարգանքից և ընթացիկ հետաքննության պատճառով մենք ձեռնպահ ենք մնում հետագա մեկնաբանություններից», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Դեպքի հանգամանքները ներկայումս հետաքննվում են։

















