ՀՀ Ներքին գործերի նախարարության Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին «TikTok» սոցիալական հարթակում տարածվող հերթական խարդախ սխեմայի մասին։
Վերջին օրերին «TikTok»-ում շրջանառվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «սոցիալական հիմնադրամից» ստանալ 300 հազար դրամի նպաստ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու պայմանով։
Կիբեռոստիկանությունը հայտնում է, որ իրականում նշված հրապարակումները որևէ առնչություն չունեն պետական կամ սոցիալական մարմինների հետ։ Այդ եղանակով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ քարտի համար, PIN կոդ, CVV, մեկանգամյա հաստատման կոդեր և այլ տեղեկատվություն, ինչը կարող է հանգեցնել դրամական միջոցների հափշտակման։
ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին․
- չանցնել կասկածելի հղումներով,
- չլրացնել նման «դիմումներում» պահանջվող որևէ տվյալ։
Միաժամանակ հիշեցվում է, որ ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային կամ անձնական տվյալներ։ Պաշտոնական կառույցները օգտվում են բացառապես հայկական «.am» դոմենային անվանումներից, ինչպիսիք են՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am։
Քաղաքացիներին կոչ է արվում լինել զգոն, չտրվել խաբեությանը և նմանատիպ դեպքերի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։

















