ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ։
Մասնավորապես, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։
ԶԼՄ-ի տեղեկություններով, ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։
«Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն»,- գրել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Հիշեցնենք նաև, որ Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական հայտարարությունից։
«Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ»,- նշված է հայտարարությունում։
